ՆԱՏՕ-ի նոր դոկտրինը կարտացոլի ՌԴ-ի ու ՉԺՀ-ի դերը. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համագործակցությունն աննախադեպ մակարդակի է հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր դոկտրինը կարտացոլի աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը դաշինքի անվտանգության վրա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Աթենքի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մադրիդի գագաթնաժողովում մենք կարևոր որոշումներ կկայացնենք, որոնցից մեկը ռազմավարական նոր դոկտրինն է։ Այն կներկայացնի անվտանգության ոլորտի իրադրության հավաքական գնահատականը և կծառայի Հյուսիսատլանտյան միության ապագա ադապտացման ծրագրին»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է` 2010թ. ռազմավարական դոկտրինը բխում էր նրանից, որ Եվրոպայում խաղաղություն էր տիրում։
«Այսօր Չինաստանի աճող ազդեցությունը փոխում է աշխարհը, ինչն ուղղակի հետևանքներ ունի մեր անվտանգության և մեր ժողովրդավարության համար։ Բացի այդ, 2010 թվականի դոկտրինում գրեթե չեն հիշատակվում մյուս այնպիսի մարտահրավերները, ինչպիսիք են կիբեռսպառնալիքները և կլիմայի փոփոխությունը, բայց հիմա դրանք անհնար է անտեսել», - մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգի խոսքով՝ ռազմավարական մրցակցության դարաշրջանում գործընկեր երկրների հետ պետք է ավելի սերտ համագործակցել։
Դաշինքի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև համագործակցությունն արդեն աննախադեպ մակարդակի է հասել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում` Ուկրաինային աջակցելու: Ըստ Ստոլտենբերգի` այսօր դաշինքը գործում է անվտանգության ավելի բարդ միջավայրում և միաժամանակ բախվում է բազմաթիվ խնդիրների:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մադրիդում հունիսի 28-30-ը։
Ռումինիային երկար ժամանակով ավելի շատ ՆԱՏՕ-ի զինվորականներ են հարկավոր իր տարածքում. ԱԳՆ