ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության համար անընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող հատվածը «միջանցք» անվանելը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ դա կարմիր գիծ է համարվում ՀՀ–ի համար։
«Մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է»,– նշել է Փաշինյանը` նկատի ունենալով` երկաթուղիները, ճանապարհները։
ՀՀ վարչապետն ընդգծել է` կառավարությունը պատրաստ է, արդեն քննարկվում է տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։
Հիշեցնենք` աշխատանքային խումբը, որը հայկական կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, մասնավորապես` երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարին ընդունած հայտարարության հիման վրա։