ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տվել է Երևան-Բաթում-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաջին գնացքի ուղևորների մեջ են եղել նաև ընկերության ղեկավարները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ:
«Հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը»,- ասել է Մելնիկովը։
Այս տարի Բաթումի գնացքը շաբաթական 2 ուղերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։ Ուղևորությունների արժեքը՝ սկսած 13 000 դրամից մեկ անձի համար։
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 17-ից Երևան-Սևան-Շորժա-Երևան և հակառակ ուղղությամբ կսկսի գործել մերձքաղաքային էլեկտրագնացքը։
ՀԿԵ-ից տեղեկացնում են, որ Էլեկտրագնացքը կմեկնի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ալմաստ կայարանից։ Գնացքի չվացուցակը սահմանափակվում է շաբաթական երեք օրով՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի:
Ուղեվարձը Երևանից մինչև Սևան կկազմի 600 դրամ (մեկ անձի համար) և 1000 դրամ ՝ մինչև Շորժա:
Հավելենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ի ուղևորների թիվը 177 000-ով ավելին է, քան նախորդ տարի։