ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ դատավորների լիազորությունների կասեցման հիմք կարող են դառնալ միջազգային դատարաններում քննվող գործերով հայտնաբերված խախտումները։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նման կետ է առաջարկում ներառել ՀՀ արդարադատության նախարարությունը։
Օրենքի փոփոխության նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
Պաշտոնյան նախ հայտնեց, որ նախագծի նախնական տարբերակում կարգավորումն առաջարկվում էր տարածել ՄԻԵԴ-ում քննվող գործերով հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերի վրա։ Սակայն Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է սահմանափակել օրենքի հետադարձ ուժի ժամկետը` այն սահմանելով ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 15 տարի։
«Այս առումով հարկ ենք համարում նշել, որ 2008-18թթ-ին ՄԻԵԴ-ում մի շարք գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսը դեռ քննվում են, և որոնցով արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ։ ՄԻԵԴ-ը դրանցով արձանագրել է սեփականության իրավունքի, կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ազատության ու անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքի, հավաքների և միավորման ազատության խախտումներ»,- ասաց Մինասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը արդարադատության փոխնախարարին հարցրեց` արդյոք այս փոփոխության միջոցով հնարավորություն կընձեռվի՞ պատասխանատվության ենթարկել «Մարտի 1»-ի գործերով արդարացման վճիռներ կայացրած դատավորներին։
«Այո՛, ճիշտ եք։ Այս փոփոխության միջոցով հնարավորություն է ընձեռվում հետ գնալ 15 տարի, ուսումնասիրել ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները, և եթե դրանցում արձանագրվեն կոնկրետ դատավորի կողմից դիտավորությամբ կատարված խախտումներ, ապա կարող ենք հետ գնալ ու կարգապահական վարույթի շրջանակում գործը վեր հանել, միջնորդություն ներկայացնել ԲԴԽ և այսօր օրենսդրությամբ գործող կառուցակարգերով պատասխանատվության ենթարկել կոնկրետ խախտում թույլ տված դատավորին»,- պատգամավորի հարցին ի պատասխան ասաց Մինասյանը։
Նշենք, որ օրինագիծը դիտարկվում է դատաիրավական բարեփոխումների շրջանակում։ Այն խորհրդարանում քննարկվում է առաջին ընթերցմամբ։