Լեռնային Ղարաբաղի հարցը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցի հետ․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին և խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների տարբեր ուղղությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԼեռնայինՂարաբաղի հարցը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և անվտանգության ազգային հանձնաժողովների գործունեության հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ Երևանն ու Բաքուն շփման տարբեր ձևաչափեր ունեն, և այդ ձևաչափերից մեկը վերաբերում է սահմանազատման հարցին:
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական երկխոսության երկրորդ ուղղությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ձևաչափն է:

«Կա նաև երրորդ ուղղությունը՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Բայց, իհարկե, տարածաշրջանում խաղաղության համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հարցն է»,- հավելել է նա։

Լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանն ավելի շատ Ադրբեջանի՞ն է աջակցում այդ գործընթացում, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց նա նաև շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ»:
Նա նշել է, որ այս դեպքում տեսանելի է Ռուսաստանի դերը որպես Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավոր:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
ԵՄ-ն փորձում է Ղարաբաղի հարցով գլխավոր մոդերատորի դերը ստանձնել. Մարկեդոնով