ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրվել քննարկման: Այսպես, նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Նախարարությունն առաջարկում է մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումները։
«Որևէ արվեստագետի, մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից»,–ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ փորձը ցույց է տալիս պատվավոր կոչումները ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում:
Հավելենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետներն ամեն ամիս ստանում են 40 000 դրամ պարգևավճար: