ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կթողնի անփոփոխ։ Նման որոշում է ընդունվել այսօր ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։
Որոշման համաձայն, այն կմնա ներկայիս 9.25%–ի չափով։
ԿԲ–ից նաև հայտնում են, որ խորհրդի նիստում ընդունված որոշմամբ, կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.75%, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
Նշենք, որ այս տոկոսադրւյքները ևս անփոփոխ են մնացել։
ԿԲ խորհրդի որոշման մանրամասները կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կներկայացնի այսօր ժամը 15:30-ին նախանշված մամուլի ասուլիսում։
Մինչ այդ հիշեցնենք, որ վերաֆինանսավորման գործող` 9.25%–ը սահմանվել էր մարտի 15-ին, երբ ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր միանգամից 1.25 տոկոսով՝ փորձելով այդ կերպ զսպել ուկրաինական իրադարձությունների ֆոնին ահագնացած գնաճը։
Հատկանշական է, որ երեկ` հունիսի 13-ին Աժ–ում, խոսելով առկա գնաճի, դոլարի փոխարժեքի արագընթաց ակնման ու այդ ուղղությամբ ԿԲ–ի հնարավոր քայլերի մասին` Մարտին Գալստյանն ասել էր, որ ՀՀ դրամի արհեստական արժեզրկման կամ, որ նույնն է` դոլարի փոխարժեքի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կարող են լրացուցիչ գնաճի պատճառ դառնալ։
Ըստ նրա` սա է պատճառը, որ ԿԲ–ն այս իրավիճակում որևէ միջամտություն ճիշտ չի համարում։