ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իրանցի հաքերները կոտրել են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստի հասցեները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Yedioth Ahronoth»–ին։
Լրատվամիջոցը գրում է, որ հաքերների թիրախում ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաներ են հայտնվել, այդ թվում` 2019 թվականին քաղաքական կարիերայի ավարտի մասին հայտարարած իսրայելական ձախակողմյան կուսակցության նախկին առաջնորդ Ցիպի Լիվնին։
Հաքերները գործունեություն են ծավալել 2021 թվականի դեկտեմբերին, այն տևել է ոչ պակաս, քան վեց ամիս։
Պաշտոնյաների հետ կապ հաստատելու համար նրանք օգտագործել են իսրայելական բանակի պաշտոնաթող գեներալի և Վաշինգտոնում Իսրայելի նախկին դեսպանի անունները։
Հաքերները ստացած տեղեկությունները, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալները, անձնագրերն ու այլ փաստաթղթեր, օգտագործել են իրենց աշխատանքը շարունակելու և մասշտաբներն ընդլայնելու համար։ Տեղեկություն ստանալու համար տարբեր ռազմավարություն են կիրառել, այդ թվում` կեղծ հղումներ` գաղտնագրերն ու էլեկտրոնային փոստի հասցեները ստուգելու համար։
Այսպես, օրինակ, Լիվնին դեկտեմբերին Իսրայելի բանակի նախկին գեներալի անունից նամակ է ստացել, որում զինվորականը խնդրել է նրան բացել ֆայլը` օգտագործելով սեփական գաղտնաբառը։ Երբ նա հեռախոսով կապ է հաստատել գեներալի հետ, վերջինս ասել է, որ որևէ էլեկտրոնային նամակ չի ուղարկել նրան։
Կատարվածի մասին տեղեկացրել են Իսրայելի անվտանգության ծառայություններին։