Իրական լաոն միշտ է արթուն. Անդրանիկ Քոչարյանը լաոյի փնտրտուքում պատերազմի վտանգ է տեսնում

Անդրանիկ Քոչարյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Ընդդիմությունը, Քոչարյանի համոզմամբ, հաջողության կհասներ այն դեպքում, եթե տեղավորվեր իշխանության` խաղաղության հասնելու քաղաքական օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ընդդիմության` «լաոյի» փնտրտուքները ոչ միայն դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են պատերազմի վտանգը։
Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` խոսելով շուրջ 2 ամիս Երևանի Ֆրանսիայի հրապարակում շարունակվող ընդդիմության հանրահավաքների մասին։

«Իրական լաոն միշտ է արթուն։ Դա տեսանելի էր դեռևս 2020թ-ին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ արտաքին թշնամու դեմ` ապահովելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները»,- ասաց Քոչարյանը։

Հանրային հավաքներին հնչող «Զարթնի՛ր, լաո՛» երգը, որը, իշխանական պատգամավորի դիտարկմամբ, իրականում արտաքին թշնամու դեմ ազգային պայքարի կոչ է, ընդդիմադիրների ձեռամբ դարձել է «անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք»։
Ըստ նրա, հակառակ հայտարարված խաղաղ հավաքների, ընդդիմության կազմակերպած ակցիաների ժամանակ տեղի են ունենում կազմակերպված զանգվածային անկարգություններ։
Ընդդիմությունը, Քոչարյանի համոզմամբ, հաջողության կհասներ այն դեպքում, եթե տեղավորվեր իշխանության` խաղաղության հասնելու քաղաքական օրակարգում ու դառնար իշխանության արժանի իրական ընդդիմություն։ Իսկ երկրի արտաքին քաղաքականության հաջողության գրավականը, ըստ նրա, ներքին կայունության ապահովման մեջ է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Ընդդիմության ակցիաներն ու մաշված քաղտեխնոլոգիաները. ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար