ՀՀ–ն միանում է ԱՊՀ ռազմական արբանյակային կապի համաձայնագրին. Ադրբեջանը չի միացել

Ազգային ժողով
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնագիրը չէր ստորագրել, ըստ ոչ պաշտոնական վարկածի, Ադրբեջանի հետ նույն համակարգից օգտվելու մտահոգության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին։
Համաձայնագրի վավերացման առաջարկն այսօր ԱԺ հերթական նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Համաձայնագրին միանալու դեպքում, նրա խոսքով, Հայաստանը ՌԴ ռազմական նշանակության տիեզերական սարքերի ռեսուրսից օգտվելու իրավունք կստանա ։
«ՌԴ ռազմական գործող տիեզերական սարքերի թողունակության ռեսուրսի օգտագործման ոլորտում պայմանավորվածությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման ուղղությամբ, անհատույց տրամադրման հնարավորությունը սահմանվում են ՌԴ ՊՆ և ՀՀ ՊՆ–ի և համաձայնագրի մասնակից այլ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև կնքվող երկկողմ պայմանագրերի միջոցով»,– ասաց Սարգսյանը:
Պաշտպանության փոխնախարարը հատուկ շեշտեց, որ Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով։
«ՀՀ–ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին»,– ասաց նա։
Նշենք, որ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում։
ՀՀ այդ ժամանակվա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնագիրը չէր ստորագրել, ըստ ոչ պաշտոնական վարկածի, Ադրբեջանի հետ նույն համակարգից օգտվելու մտահոգության պատճառով։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. հունվարի 1-ին: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ–ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, չեն ստորագրել Ադրբեջանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան։
Հայաստանի կառավարությունը համաձայնագիրը հաստատել է այս տարվա փետրվարի 23-ի նիստում, որից հետո ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը։