ՀՀ դատախազությունը միջնորդել է ցմահ դատապարտյալի նկատմամբ խրախուսանք կիրառել

ՔԿՀ
ՔԿՀ-ի վարչակազմը ցմահ դատապարտյալի վերջին տարիների վարքագծում արձանագրել է դրական տեղաշարժ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը միջնորդել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին՝ խրախուսանք կիրառել ցմահ դատապարտյալ Մ.Մարտիրոսյանին նկատմամբ, հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, բարեխիղճ վերաբերմունք է ունեցել աշխատանքի և ուսման նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին, որոնք կրել են տևական բնույթ: Արդյունքում՝ ՔԿՀ-ի վարչակազմը նրա վարքագծում արձանագրել է դրական տեղաշարժ:

Թեև դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 2 անգամ՝ 2010թ. բջջային հեռախոս պահելու, իսկ 2017թ. 2 «վայ-ֆայ» սարք պահելու համար ենթարկվել է կարգապահական տույժի, սակայն 2019թ. սկսած՝ պատժի կրման ընթացքում մասնակցել է տարաբնույթ դասախոսությունների, դասընթացների, ստացել հավաստագրեր։ Նա նաև մասնակցել է ստեղծագործական մրցույթների և աշխատանքների, ցուցահանդես-վաճառքների՝ ներկայացնելով իր ստեղծած կավե իրեր, ընդգրկվել է հիմնարկի, դրան հարող տարածքի բարեկարգման՝ չվարձատրվող աշխատանքներին:

Ըստ անձական գործում առկա տվյալների՝ 2021թ. հոկտեմբերի 25-ին Մ. Մարտիրոսյանը պայմանագիր է կնքել գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում սովորելու համար և սովորում է 3-րդ կուրսում։
Նշվում է, որ դատապարտյալը 2021թ. նոյեմբերի 16-ից ընդգրկվել է ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման կազմում, հասարակական կազմակերպությունից ստացել է շնորհակալագիր համագործակցելու և ծրագրերին կամավոր մասնակցելու համար։ Իսկ 2022թ. հունվարի 5-ից Մ.Մարտիրոսյանն աշխատում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում որպես բանվոր։
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Մ. Մարտիրոսյանը 2003թ. սեպտեմբերի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 11-րդ կետերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ դատավճռի՝ վերջինս տուժողի գույքը հափշտակելու նպատակով հանցակցի հետ մուտք է գործել բնակարան և դանակի բազմաթիվ հարվածներով սպանել նրան, որից հետո կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով նրանք այրել են դիակը և դիմել փախուստի:
ՔԿՀ-ներում դպրոցը չավարտած մոտ 300 դատապարտյալ կա. ի՞նչ է առաջարկվում նրանց ուսման համար
Պատժի սկիզբը հաշվվել է 2003թ. հուլիսի 9-ը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի 2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ: