ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի– Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է 2022/23 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի և եվրոպական մյուս գավաթների խաղարկության վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» իր ելույթներն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում` Չեմպիոնների լիգայում, սկսելու է ռումինական «Կլուժի» հետ մրցակցությունով։
Վիճակահանության արդյունքներով Հայաստանի չեմպիոնը մրցելու է առայժմ հայկական թիմերի համար ամուր ընկույզ համարվող ռումինական «Կլուժ» թիմի հետ։ 2018 թվականին «Կլուժը» Եվրոպայի լիգայի խաղարկությունում բավականին հեշտությամբ երկու խաղերում էլ (2:0, 5:0) հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։ «Փյունիկ» - «Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է Երևանում՝ հուլիսի 5-ին կամ 6-ին, իսկ պատասխան խաղը` մեկ շաբաթ անց։
Հայաստանի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրած «Ալաշկերտը» իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որոկավորման առաջին փուլում սկսելու է նույնպես Երևանում կայանալիք խաղով։ Հուլիսի 7-ին «Ալաշկերտը» հյուրընկալելու է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին։ Իսկ ահա Երևանի «Արարատը» իր առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայում անցկացնելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» հարկի տակ։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող երրորդ թիմը՝ «Արարատ-Արմենիան», իր ելույթները լիգայում սկսելու է որակավորման երկրորդ փուլից։ Այս փուլում խաղերն անցկացվելու են հուլիսի 21-ին և 28-ին։ Հայկական թիմի մրցակիցը հայտնի կդառնա որակավորման առաջին փուլի արդյունքներից հետո։