Հայաստանը փորձում է գործընկերների հետ ազնիվ լինել ու չդավաճանել ոչ մեկին. Փաշինյան

ՀՀ վարչապետը հասկացրել է, որ Հայաստանի համար հեշտ չէ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման հարցում, բայց փորձում է բոլորի հետ պահպանել վստահելի հարաբերություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները շատ անհանգստացած են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, քանի որ աշխարհակարգի փլուզում է տեղի ունենում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով` ոչ ոք չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը։ Միևնույն ժամանակ, Երևանն աջակցում է բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։

Հարցին, արդյոք երկրի վրա Մոսկվայից կամ Արևմուտքից լինո՞ւմ են ճնշումներ, վարչապետը պատասխանել է` Հայաստանի կառավարության վիճակը բավական զգայուն է, բայց Երևանը փորձում է լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, եվրոպական և արևմտյան գործընկերների, ինչպես նաև հարևանների համար։

«Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ, որ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա շեշտել է` ՀՀ կառավարության պարտականությունն է` կառավարել առկա իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ գործընկերների հետ՝ չդավաճանելով ոչ մեկին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: