ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Երևանում մեր հավաքականը այսօր 1։4 հաշվով պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն։
Բոլոր թիմերն էլ ցանկացած խաղում շատ են ուզում դառնալ արագ գոլի հեղինակ։ Ոչ բոլորին և ոչ միշտ է դա հաջողվում։ Իսկ Հայաստանի հավաքականին դա հաջողվեց Շոտլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղարկության պատասխան խաղում։
Տիգրան Բարսեղյանը գերազանց անցումով ներխուժեց տուգանային հրապարակ, տեսավ Վահան Բիչախչյանին, հրաշալի փոխանցում կատարեց, ու Բիչախչյանը վեցերորդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Ազգերի լիգայի խաղարկության չորրորդ խաղում վերջապես հարձակման գծում տեսանք լավ համագործակցություն։ Անմիջապես որգևորվեց և՛ «Հանրապետական» մարզադաշտը, և՛ հայ ֆուտբոլասերների բանակը։ Բայց ուրախությունը երկար չտևեց։ 14-րդ րոպեին Ստյուարտ Արմսթրոնգը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Հինգ րոպե անց Տիգրան Բարսեղյանը ձեռքից բաց թողեց մեր թիմին նորից առաջ մղելու հրաշալի հնարավորությունը։ Այս դեպքում էլ խորքից հետևեց շատ լավ փոխանցում դեպի արագություն հավաքած մեր ֆուտբոլիստը։
Մի խոսքով` խաղի սկիզբը լի էր իրադարձություններով, ու Հայաստանի հավաքականը, չնայած բաց թողած գոլին, լավ տպավորություն էր թողնում։ Բայց այդ տպավորությունը փչացավ առաջին կեսի վերջին րոպեներին։ Արման Հովհաննիսյանը մեկ դրվագում երկու դեղին քարտ ստացավ ու ստիպված թողեց խաղադաշտը, իսկ Ստյուարտ Արմսթրոնգը անմիջապես օգտագործեց իր թիմի թվային առավելությունը և առաջ մղեց Շոտլանդիային։
Հեքիաթային մեկնարկը շատ վատ ավարտ ունեցավ։ Երկրորդ կեսում շոտլանդացիները անում էին խաղադաշտում ինչ ուզում էին՝ գնդակ էին պահում, արագ գրոհում ու մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին ստիպում անընդհատ մտնել խաղի մեջ։ Մեկը մյուսի հետևից երկու գնդակ ևս ուղարկելով Հայաստանի հավաքականի դարպասը` շոտլանդացիները վերացրին այս խաղում հաղթողին վերաբերող բոլոր հարցերը։
Տասը ֆուտբոլիստով մենք արդեն անկարող էինք դիմագրավել մրցակցին։ Իսկ Կամո Հովհաննիսյանի հեռացումից հետո խաղն ավարտում էինք ինը ֆուտբոլիստով։ Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր՝ 1։4 հաշվով։
Բացի խոշոր հաշվով պարտությունից, մենք կորուստներ ունեցանք նաև հաջորդ խաղի համար։
Դեղին քարտ ստանալով` որակազրկվեցին Էդուարդ Սպերցյանն ու Վարազդատ Հարոյանը։ Դաշտից հեռացվելով` որակազրկվեցին նաև Արման Հովհաննիսյանն ու Կամո Հովհաննիսյանը։
Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի խաղարկությունում մնում է անցկացնելու երկու հանդիպում։
Ուկրաինայի հավաքականի հետ պատասխան հանդիպումը մերոնք կանցկացնեն սեպտեմբերի 24-ին Երևանում, իսկ սեպտեմբերի 27-ին մեր ընտրանին վերջին խաղում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Իռլանդիայի հետ։