Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանից մեդալներով է վերադարձել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանից մեդալներով է վերադարձել
Հայ ըմբիշները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իրանի թիմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս անց առաջին անգամ էր մրցաշարի մասնակցում: Եզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցել է իրանցի ըմբիշի հետ և 4-3 հաշվով հաղթանակ տարել: Ի դեպ, «Թախթիի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանն ազատ ոճայինների պայքարում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 1995 թվականին՝ ի դեմս Արա Գևորգյանի:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իրանի թիմին: