ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Չնայած Հայաստանն արյան անձեռնմխելի պաշար միշտ ունի, բայց այդ քանակը երբեմն կրիտիկականի կարող է հասնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։
Այսօր Արյան դոնորների համաշխարհային օրն է, որն անցկացվում է «Արյան նվիրատվությունը համերաշխության դրսևորում է, դարձի՛ր դոնոր ու փրկի՛ր կյանքեր» խորագրով։
«Դոնորների քանակը դժվար է բավարար համարել, և չնայած մենք միշտ ունենում ենք անձեռնմխելի պաշարներ, բայց դրանք անընդհատ սպառվում են։ Համալրելու կարիք կա։ Հիվանդների մոտ գնալով ավելանում է արյան պահանջարկը, իսկ դոնորությունը` նվազում։ Սակայն սա զուտ հայկական երևույթ չէ. ամբողջ աշխարհում այդ միտումը կա»,– ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով վիրահատությունների ծավալները, մանկաբարձական բարդությունները, ուռուցքաբանական տարբեր խնդիրները, որոնք ազդում են ոսկրածուծի վրա` ավելի ու ավելի շատ է արյան կարիք լինում։
Հետաքրքրվեցինք` արդյոք պատերազմից հետո դոնորության հանդեպ վերաբերմունքը փոխվել է, քանի որ այն օրերին շատերն էին ինքնակամ արյուն հանձնում։ Ի պատասխան Դանիելյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ոչ մի վիրավոր արյան պակասից չի տուժել, ինչը մեր ամենամեծ ձեռքբերումն է, բայց այդ տեմպը չի պահպանվել։ Մասնագետի խոսքով` չպետք է սպասենք պատերազմի կամ կորոնավիրուսի, որպեսզի արյուն հանձնենք, որովհետև հիվանդությունների տեմպը կանգ չի առնում։
«Մեր արյան պաշարները շատ լավ վիճակում են, ինչպես միշտ, սակայն դրանք վերականգնման և թարմացման կարիք ունեն։ Մարդիկ պետք է հասկանան, որ դոնորությունը չի կարող վնաս հասցնել օրգանիզմին, ավելին` օգտակար է, քանի որ արյունը թարմանում է»,– ասաց Դանիելյանը։
Ըստ նրա` Հայաստանում առավել հաճախ երկրորդ դրական արյան կարիք է լինում, և ավելի շատ հենց այդ արյան դոնորներ էլ կան։ Բայց կան արյան խմբեր` երրորդ կամ չորրորդ բացասական, որոնք ՀՀ–ում հազվադեպ են հանդիպում։
Մի շարք երկրներում դոնորության անվճար ձևն է տարածված, իսկ Հայաստանում գերակշռում է վճարովի հիմունքներով հանձնվող արյունը։ Դանիելյանը հավելեց, որ այստեղ հիվանդի հարազատները նախընտրում են արյուն գնել, քան հանձնել, որովհետև տարբեր մտահոգություններ ունեն, որոնք տեղին չեն։
Ի դեպ, եթե որոշել եք արյան դոնոր դառնալ, ապա նախ պետք է ծանոթանաք պայմաններին, քանի որ կան նաև հակացուցումներ։ Իսկ պայմաններն ու պահանջները ներկայացված են այստեղ։