Գնալու ենք մինչև վերջ. Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` նահանջ չկա

Իշխան Սաղաթելյանը նշում է, որ «Դիմադրություն» շարժումը պետք է ճյուղավորվի և տարածվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն օրեցօր պետք է դարձնել արդյունավետ ու ընդլայնել։ Ֆրանսիայի հրապարակում իր եզրափակիչ ելույթում ասաց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Նոր թափ ենք հաղորդելու շարժմանը։ Մի բան ենք խոսք տվել` հետքայլ չկա և նահանջ չկա` գնում ենք մինչև վերջ։ Մեր պայքարը նույն կերպ շարունակվում է, շարժումը պետք է ճյուղավորվի և տարածվի»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ հինգշաբթի օրը երթ է նախատեսված, իսկ շաբաթ` հանրահավաք։ Սաղաթելյանը հավելեց, որ բոլոր հանրահավաքներն իրականացվելու են Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Այսօր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հունիսի 15–ին Ֆրանսիայի հրապարակից վրանները կհանեն։
Ընդդիմության ակցիաներն ու մաշված քաղտեխնոլոգիաները. ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար