«Ֆեյսբուքը» վերջին շաբաթում սկսել է նորից արգելափակել Մոնթեի մասին գրառումներ ու մեկնաբանություններ անող մի շարք հայ օգտատերերի։ Հայաստան պետությունը պետք է փորձի ուղիղ բանակցել «Ֆեյսբուքի» հետ, այլապես ստիպված կլինենք այլևս Մոնթեի մասին գրառումներ չանել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Պետությունը պետք է անմիջական բանակցությունների մեջ մտնի, պետք է փորձեն ինչ-որ մեխանիզմներ ստեղծել, որ հնարավոր լինի լուծել այս իրավիճակը, երբ ակնհայտ խախտվում են մարդկանց իրավունքները»,- ասաց փորձագետը։
Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրները միայն Մոնթե Մելքոնյանի հետ չեն կապված, նմանատիպ այլ դեպքեր ևս գրանցվում են։ Նա կարծում է, որ պետության միջամտությունը կարևոր է, հակառակ դեպքում խնդիր է լինելու, որովհետև Մոնթեի մասին գրելը գրեթե երաշխավորված արգելափակում է նշանակում։
Հայաստանի ազգային հերոսի մասին գրառումները «Ֆեյսբուքը» սկսել է արգելափակել 2020թ․ Արցախյան պատերազմից հետո, սակայն, Մարտիրոսյանի տվյալներով, պարբերաբար զանգվածային արգելափակման ալիքներ են լինում, այս շաբաթն էլ հերթական ալիքն է։
Անդրադառնալով Մոնթեին արգելափակելու պատճառներին, Մարտիրոսյանը նշեց, որ մենք միայն կարող ենք ենթադրություններ անել, քանի որ պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Ըստ նրա՝ ամերիկյան սոցցանցը կարող է կարծել, թե Մոնթեն «ահաբեկիչ է»։
«Քանի որ Մոնթեի մասին անգլերեն առցանց տեղեկատվությունը պարունակում է կենսագրական կետ այն մասին, որ նա եղել է ԱՍԱԼԱ-ի ղեկավարներից, իսկ ԱՍԱԼԱ-ն, իր հերթին, ԱՄՆ պետդեպի կողմից ժամանակին ընդգրկվել է ահաբեկչական կառույցների ցանկում, կարծում եմ, դրա համար է Մոնթեն ընկել այդ ցուցակի մեջ»,- բացատրեց Մարտիրոսյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ «Ֆեյսբուքը» փորձում է արգելափակել մեծ քանակի բովանդակություն, որն իր կանոններին հակասում է, դրա համար նրանք փորձում են տարբեր երկրների ու մշակույթների մեջ գտնել ինչ-որ լոկալ բովանդակություն, որն իրենց տեսանկյունից կարող է խախտում լինել։
Հայաստանի պարագայում այդ «արգելափակվող բովանդակություններից» է, փաստորեն, Մոնթե Մելքոնյանը։
«Խնդիրը ֆեյսբուքի մեջ է։ Իրենք ունեն կանոններ, որոնք շատ հաճախ քառակուսի ձևով են կիրառում՝ առանց մանրամասները հասկանալու ու ամենավատը՝ չունեն նորմալ բողոքարկելու համակարգ»,- ասաց Մարտիրոսյանը։
Այն, որ նախկինում արգելափակված գրառման համար հիմա նորից սահմանափակումներ են մտցվում, հարց է առաջացնում՝ արդյո՞ք այստեղ արհեստական բանականությունն է գործում ու օգտատերերն ավտոմատ արգելափակվում են, թե՞, օրինակ, ադրբեջանական կողմից բողոքարկվում են դրանք։
Փորձագետի խոսքով՝ չկա որևէ մեխանիզմ` դա պարզելու, կրկին կարող ենք միայն եզրակացություններ անել, բայց, ամենայն հավանականությամբ, երկու տարբերակն էլ լինում է։
«Գուցե ադրբեջանցիները գիտեն, որ նման խնդիր կա, որոնում են մարդկանց գրառումները, բողոքարկում են, «Ֆեյսբուքն» էլ արգելափակում է։ Բողոքելն այնքանով է ադրբեջանցիների օգտին, որ պարզապես գրավում է մոդերատորների ուշադրությունը, նրանք էլ տվյալ գրառումն ուսումնասիրում են»,- նշեց Մարտիրոսյանը։
Փորձագետը կարծում է, որ իրականում մեր կյանքում ոչինչ չի փոխվի, եթե սկսենք քննարկել, թե ի վերջո ադրբեջանցիների մատն այս գործում խառն է, թե ոչ, միևնույնն է՝ ինչ էլ անենք, չենք կարող պարզել, բայց վստահեցնում է՝ այս խնդիրը, միանշանակ, ամբողջությամբ ադրբեջանցիների պատճառով չէ։
«Այնպես չէ, որ իրենք այդքան ահռելի քանակի մարդկանց կարողանում են զննել, առավել ևս, որ հաճախ այդ գրառումները հանրային չեն, փակ են՝ միայն ընկերների համար»,- կարծում է Մարտիրոսյանը։
Այսօր շատ հայեր իրենք են նաև կրում ազգային հերոս Մոնթեի անունը, ու եթե «Ֆեյսբուքը» միայն Մոնթե գրելու համար արգելափակում է, ապա արդյո՞ք Մոնթե անունով մարդիկ խուսափում են սահմանափակումներից։ Փորձագետն առայժմ նման դեպքերի չի հանդիպել, բայց հիշեցրեց՝ «Ֆեյսբուքն» այդպիսի փորձ ունի, գուցե կարողանում են հարցը կարգավորել։
«Ժամանակին «Ֆեյսբուքն» արգելափակում էր «ադրբեջանցի» բառի փոխարեն «ազեր» ռուսերեն տարբերակը գրելու համար, բայց քանի որ «Ազերը» նաև ադրբեջանական անուն է, արգելափակվում էին այդ անունը կրող ադրբեջանցիները, իսկ նոր օգտատերերին այդ անունով թույլ չէր տրվում գրանցվել։ Հետո «Ֆեյսբուքն» այդ հարցը, կարծես, կարողացավ լուծել ու տարբերակել այդ անունն ունեցողներին»,- հավելեց Մարտիրոսյանը։
Նշենք, որ «Ֆեյսբուքը» վերջին շաբաթում օգտատերերն արգելափակում է այն նույն գրառումների համար, որոնց համար սոցցանցը դեռ ամիսներ առաջ էր սահմանափակումներ մտցրել։ Նրանց հիմնականում արգելվում է ուղիղ եթեր մտնել կամ խմբերից ու տարբեր էջերից օգտվել։ Թե որքան ժամանակով է օգտատերն արգելափակվում, կախված է, օրինակ, նրանից, թե Մոնթեի մասին քանի գրառում է արել տվյալ օգտատերը։