ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Եվրամիությունն ավելի քան 100 հազար պատվաստանյութ կգնի կապիկի ծաղիկ հիվանդության տարածումը կանխելու համար։ Այս մասին Լյուքսեմբուրգում առողջապահության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է առողջապահության և սննդամթերքի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդուն։ Տեղեկությունը հայտնում է նորությունների АМНА գործակալությունը։
«Այսօր ես համաձայնագիր կստորագրեմ կապիկի ծաղիկի դեմ 110 հազար պատվաստանյութ ձեռք բերելու համար, որպեսզի անդամ պետություններն ապահովված լինեն դրանցով։ Առաջին մատակարարումները կսկսվեն հունիսի վերջին»,– նշել է Կիրիակիդուն։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ ԵՄ–ում գրանցվել է կապիկի ծաղիկի շուրջ 900 դեպք, իսկ ամբողջ աշխարհում` 1400։
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին: