ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը դեռևս միասնական վերջնական կարծիք չի ձևավորել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, որոշումը կհայտարարվի հունիսի 17-ին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը` հերքելով ուկրաինական խնդրի վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների հայտարարությունները։
«Ես մամուլում կարդացել եմ, որ Եվրահանձնաժողովը երեկ որոշում է կայացրել, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ ԵՀ-ն երեկ որոշումներ չի կայացրել։ Ընդհանուր քննարկումներ են եղել, որոնց ընթացքում ԵՀ անդամները ներկայացրել են այդ հարցի շուրջ իրենց տեսլականը, որպեսզի նախապատրաստեն այս ուրբաթ նախատեսված որոշումը»,- ասել է Մամերը:
Ավելի վաղ «Politico» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկել, որ Ուկրաինային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրվի: Պարբերականի մեկնաբանները ենթադրել էին, որ ԵՀ-ն իր գործողություններով ցանկանում է «ազդանշան» ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։