«Դիլիջան» ազգային պարկի տարածքում սատկած խլուրդներ չեն հայտնաբերվել. ՇՄՆ

«Դիլիջան» ազգային պարկ. Արխիվային լուսանկար
ՇՄՆ-ն հորդորել է զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները նախորդ շաբաթ ստացված ահազանգի հետքերով կատարած ուսումնասիրությունների արդյունքում տարածքում սատկած խլուրդներ չեն հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` տրամադրել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր:
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են սատկել։ ՇՄ նախարարության և ազգային պարկի մասնագետները նույն օրը խորհրդակցություն էին անցկացրել հարցի վերաբերյալ։