ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան մեկնող շուրջ 200 տրանսպորտային միջոց է մնացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հյուպատոս Արեն Առաքելյանը։
Մայիսից ի վեր մի քանի հազար բեռնատարներ Վրաստանի տարածքում սպասում էին ՌԴ անցնելու իրենց հերթին։ Բեռնատարներից 1200–ը հայկական էին։
«Հունիսի 13-ից վրացական կողմը արագ փչացող սննդամթերք տեղափոխող բեռնատարները բաց է թողնում առանց հերթի։ Դա վերաբերում է Վրաստանի տարածքով անցնող բոլոր երկրների բեռնատարներին, այդ թվում` հայկականներին», – ասաց Առաքելյանը։
Այսպիսով` արագ փչացող մթերքի հարցը լուծվել է։
Առաքելյանը նշեց, որ վրացական կողմը Վերին Լարսի ուղղությամբ օրական շուրջ 450 բեռնատար է բաց թողնում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա հունիսի 20-22-ին երկրի տարածքում այլևս տրանսպորտային միջոցների կուտակումներ չեն լինի։
Հիշեցնենք` այժմ մշակվում է մի առաջարկ, որի համաձայն` հայկական բեռնատարներին թույլ են տալու անցնել Լարսով, իսկ մաքսային ձևակերպումներն անել Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Չմի բնակավայրում` «Վերին Լարս» անցակետից 6 կմ հեռավորության վրա)։
Որպես մաքսային ձևակերպման գոտի օգտագործվելու է Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին, ինչը թույլ կտա, որ 100–ով շատ հայկական բեռնատար անցնի։