Ընդդիմության ակցիաներն ու մաշված քաղտեխնոլոգիաները. ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար

Հայաստանում ընդդիմության փողոցային բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան 40 օր։ Չնայած եղանակին (անձրևներից մինչև շոգ)՝ ցուցարարները չեն հեռանում Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային ճամբարից։
Sputnik
Բողոքի ակցիաներն ընթանում են Երևանում (չհաշված մարզերում իրականացվող եզակի ակցիաները), սակայն դրանց մասնակցում են ինչպես Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներ, այնպես էլ արտերկրից ժամանած սփյուռքի ներկայացուցիչներ: ՀՀ իշխանությունները կարծում են, որ հանրապետությունում ոչ մի քաղաքական ճգնաժամ չկա և երկրի փլուզման համար շարունակում են մեղադրել «նախկիններին»։

Բողոքի տրամադրությունները հանրության շրջանում

Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ։ Եվ թեև դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, ինչպիսին, օրինակ, համաշխարհային տնտեսության միտումներն են, հասարակությունը դժգոհում է կտրուկ գնաճից, որը նկատելի է առօրյա կյանքում և էապես ազդում է կյանքի որակի վրա: Այս տարվա մարտին գնաճը կազմել է 7,4 տոկոս և շարունակում է ավելանալ։ Բանն այն է, որ գնաճի հետ մեկտեղ քաղաքացիների մեծամասնության մոտ եկամուտները նույնն են մնում, ինչը հանգեցնում է բնակչության բարեկեցության կտրուկ վատթարացման։
Հետագա տնտեսական զարգացումը դժվար թե էապես դեպի լավը փոխվի։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականի արդյունքներով կկազմի 3,5 տոկոս: Այսպիսով, կանխատեսումը վատթարացել է 1,3 տոկոսով՝ Համաշխարհային բանկի հունվարի 4,8 տոկոս կանխատեսման համեմատությամբ:
Ակնհայտ է, որ հակակառավարական տրամադրությունները հասարակության մեջ աճում են և շարունակելու են աճել տարբեր գործոնների հետ կապված, իսկ ակնկալիքներն իշխանությունից միայն նվազում են։ Հարցն այն է, որ քաղաքացիների շրջանում հետագայում ևս բողոքի տրամադրվածություն է գեներացվելու, իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդացնեն հասարակությանը՝ նրան հստակ օրակարգ և երկրի զարգացման ճանապարհային քարտեզ առաջարկելով։
ՀՀ–ում քաղաքական ճգնաժամ չկա. Արարատ Միրզոյանը` ընդդիմության հավաքների մասին
Իշխանափոխության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը (150-200 հազար մարդ) չհավաքվեց։ Սակայն բողոքի ցույցերը շարունակվում են և մարդիկ փողոց են դուրս գալիս։Զարգացման հնարավոր սցենարները
Ի՞նչն է սխալ գնացել։ Կարևոր գործոններից մեկը պայքարի և մարտավարության մեթոդների սխալ ընտրությունն էր։ Ընդդիմության կողմից կիրառվող բոլոր տեխնոլոգիաները վերցված են ամերիկացի քաղտեխնոլոգ Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» մեթոդական ձեռնարկից։ Ընդդիմությունը փորձում է կրկնել Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հաջողությունը, սակայն շատ պարզ բացատրություն կա, թե ինչու է տեխնոլոգիաների նման պատճենումը հիմա փաստացի ձախողված գործ։
Բանն այն է, որ այդ տեխնոլոգիաները հաշվարկված են հանրության համար, որին տարիներ շարունակ պատրաստել են իբրև թե բռնապետության դեմ պայքարի։ Այսօր Փաշինյանն իր իշխանությունը ներկայացնում է որպես ժողովրդավարական, և, ընդհանուր առմամբ, հայերի մեծամասնությունը հիմա էլ կարծում են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ավտորիտար էր, իսկ Փաշինյանը Հայաստանը տանում է ժողովրդավարության ճանապարհով։ Այլ հարց է, որ Փաշինյանին համարում են պատերազմը տանուլ տված թույլ առաջնորդ։
Եվ այսպես, տեխնոլոգիաներն արդեն լիովին իրենց սպառել են 2018թ․-ի գարնանը՝ տալով իրենց արդյունքը Փաշինյանի վարչապետության տեսքով։
Ներկայիս ցույցերը ձգձգվում են, բայց դրանում էլ որոշակի դրական կողմ կա․ մարդիկ պատրաստ են իշխանության դեմ երկարատև և սկզբունքային պայքարի, իսկ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է արդյունք տալ ներկայիս իշխանությունների նոր սխալների և վրիպումների դեպքում։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ կա. նախ՝ ընդդիմությունը կարող է հայտարարել, որ դադար է վերցնում և պատրաստվում է իշխանության դեմ պայքարի հերթական փուլին։ Այդ դեպքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պետք է բողոքի շարժում վարելու նոր մեթոդներ մշակեն և ներգրավեն նաև նոր առաջնորդների, որոնք իրենց հետևից կտանեն ժողովրդին։
Երկրորդ՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ցուցարարների թիվը խիստ կնվազի, և շարժումը վերջնականապես կմարի։ Սա շատ հավանական սցենար է, եթե ընդդիմադիր ուժերի առաջնորդները շարունակեն ներկա մարտավարությունը։ Երրորդ՝ բողոքների ներկայիս մակարդակը երկար ժամանակ կպահպանվի, բայց դա ոչ մի նշանակալի արդյունք չի տա։
«Եթե պատրաստ է առաջնորդել»․ ընդդիմությունը հրավիրում է Արման Թաթոյանին ելույթ ունենալ
Ընդդիմադիր առաջնորդներին առավել ձեռնտու կլինի ընտրել իրավիճակի զարգացման առաջին տարբերակը։ Անհրաժեշտ է դադար վերցնել և ընտրել պայքարի նոր մարտավարություն, որը ոչ թե պարզապես արևմտյան տեխնոլոգիաների սովորական պատճենում կլինի, ինչպես դա արվում է այսօր, այլ սեփական արտադրանք:
Հասարակության մեջ այսօր գոյություն ունի տոտալ անտարբերություն քաղաքականության նկատմամբ՝ ի թիվս այն դժգոհության, որը հիմա գոյանում է։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քաղաքական այլընտրանք չի տեսնում։
Ինչ վերաբերում է գործող ընդդիմությանը, ապա նրան պետք է ռեստարտ և լուրջ օրակարգ, որը կհամախմբի հասարակությանը և վստահություն ներշնչի ապագայի նկատմամբ։ Այս օրակարգը պետք է ներառի հարցերի ամբողջ համալիրը, հարցեր, որոնք այսօր հուզում են հասարակությանը՝ տնտեսականից ու սոցիալականից մինչև անվտանգության խնդիրներ։
Վառ արտահայտված առաջնորդի բացակայությունը, որը կառաջարկվեր որպես Փաշինյանին այլընտրանք, նույնպես որոշակի բաց է, որը պետք է լրացվի։ Ընդդիմությունը պետք է հանրությանն առաջարկի վարչապետի իր թեկնածուին, որը վստահություն կներշնչի և երկրի զարգացման կոնկրետ տեսլական ունենա։
Հարցն այն է, թե կհաջողվի՞ արդյոք այսօրվա ընդդիմադիր ուժերին հաջողության հասնել, թե՞ նրանք իրենց տեղը կզիջեն նոր դեմքերին։