Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը

Նորածնի մայրը դժվար ճանապարհ է անցել` ամուսինն ամիսներ առաջ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Աշոտ Սարգսյանի քույրը, տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» ԲԿ–ն` փոքրիկի լուսանկարները ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով։ Երեխայի անունն Արևիկ են դրել։
«Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է և մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել»,–ասված է գրառման մեջ։
«Շենգավիթ» ԲԿ-ի ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը պատմել է` չնայած մեծ ու խորը վշտին, Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել բժիշկներին, անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները։
42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։
Արևիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու։