Սլովակիան ԵՄ-ից ավելի շատ գումար է պահանջում ՌԴ-ի նավթից հրաժարվելու համար

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին խոստացել են, որ Եվրահանձնաժողովը կուսումնասիրի միջոցների բաշխման համակարգը փոփոխելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սլովակիան ԵՄ-ից ավելի շատ գումար կպահանջի մինչև որոշելը, թե երբ կհրաժարվի ՌԴ-ից ներմուծվող նավթից։ Այս մասին հայտնում է Financial Times–ը` հղում անելով ԵՄ-ում Սլովակիայի դեսպան Պետրա Վարգովային։
Բրատիսլավան ուզում է Բրյուսելից երաշխիքներ ստանալ «Դրուժբա» նավթատարի հավանական փակումից կրելիք վնասների փոխհատուցման համար։
«Մեզ ԵՄ-ի բյուջեից որոշակի երաշխիքներ են պետք, որ մեզ չեն թողնի միայն մեր պետական ֆինանսների հաշվին»,- պարբերականը մեջբերում է դեսպանի խոսքերը։
ԵՄ-ն համաձայնել է երկրներին օգնել հարմարվել ռուսական նավթին «ոչ ասելուն», սակայն այդ նպատակով հատկացվելիք գումարները կբաշխվեն Վերականգնման և կայունության հիմնադրամի (RRF) միջոցով, որը ստեղծվել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնություն ցուցաբերելու համար։ Թերթի համաձայն` RFF-ի շրջանակում նախապատվությունը տրվում է ԵՄ հարավային անդամ երկրներին, այլ ոչ թե արևելյան, որոնք մեծ կախում ունեն ՌԴ-ից ներմուծվող էներգակիրներից։
Ինչպես նշում է Վարգովան, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին խոստացել են, որ Եվրահանձնաժողովը կուսումնասիրի միջոցների բաշխման համակարգը փոփոխելու հնարավորությունը։ Լեհաստանն ու Չեխիան ևս կողմ են շտկումներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 110-րդ օրը։