ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սև ծովից գազի արտադրության գագաթնակետը կլինի 2026 թվականին, Թուրքիայի նպատակը օրական 40 մլն խորանարդ մետր գազն է: Anadolu-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է հանրապետության ափերի մոտ Սև ծովի հատակում գազատարի կառուցման մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը:
«Սև ծովից արդյունահանված գազը 2023 թվականի առաջին եռամսյակում համակարգում կլինի։ Նախնական փուլում նախատեսվում է հանքից 10 մլն խմ գազ արդյունահանել։ Արտադրության գագաթնակետը սպասվում է 2026 թվականին, մեր նպատակը 40 միլիոն խորանարդ մետր է», - ասել է Էրդողանը։
Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովում 540 մլրդ խորանարդ մետր գազ արդյունահանելու և փոխադրելու նախագծում։ Գազատարի ծովային մասի ընդհանուր երկարությունը Սև ծովի առափնյա ծանծաղուտում գտնվող թուրքական Սակարիայի գազային հանքավայրից մինչև Ֆիլյոս նավահանգիստ կկազմի 155 կմ: Ըստ ծրագրերի՝ հանքավայրից առաջին գազը Թուրքիա պետք է մտնի 2023 թվականին։