ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայկական գիտական գրադարանների և թանգարանների հետ համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Գրիբոյեդովի «Խմելիտա» արգելոց-թանգարանի աշխատանքում: Այս հայտարարությունն արեց թանգարանի տնօրեն Նադեժդա Կուլակովան, որը Երևան է ժամանել մեծ գրողի մասին գրադարանային ֆոնդերի ցուցահանդեսին մասնակցելու համար։
«Թանգարանում մենք հաճախ ենք հյուրեր ունենում Հայաստանից։ Նյութեր ունենք, որոնք կապված են Ալեքսանդր Սերգեևիչի` Կովկասում և Պարսկաստանում անցկացրած տարիների հետ։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել գրողի ժառանգությունը և գրքեր պատրաստել նրա մասին»,- ասաց Կուլակովան Հայաստանի ազգային գրադարանում ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառման համար թանգարանից բերել են Խմելիտա կալվածքի նախահեղափոխական տարիների առաջին լուսանկարները։
Ազգային գրադարանն իր հերթին ներկայացրեց Գրիբոյեդովի ստեղծագործությունների` 1910-ականների ռուսերեն հրատարակությունները, ինչպես նաև «Խելքից պատուհաս» պիեսի առաջին հայերեն թարգմանությունը (թարգմանիչ` Լևոն Մանուելյան), որը հրատարակվել է նույն տարիներին։ Ինչպես և ռուսական հրատարակությունները, այն գրված է նախառեֆորմային ուղղագրությամբ, ընդ որում` գրողի ազգանունը հայերեն նշված է որպես «Գրիբայեդով»։ Ցուցանմուշների թվում ներկայացված է նաև «Ով է եղբայրը, ով է քույրը, կամ խաբեություն խաբեության հետևից» օպերա–վոդևիլի լիբրետոն, որը գրել են Գրիբոյեդովը և Պյոտ Վյազեմսկին։
Պատերազմից և հրդեհից հետո 1950-ական թվականների կեսերին կալվածքը դանդաղ փլուզվում էր, մինչև 60-ականների վերջին սկսվեց կալվածքի համալիր վերականգնումը, և նրան վերադարձրին 18-րդ դարի կեսերի սկզբնական տեսքը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա էր ցուցահանդեսին, նշեց, որ Գրիբոյեդովի գրական ժառանգությունից բացի, բազմաթիվ սերունդների ռուս դիվանագետների համար նա հայրենիքին անմնացորդ ծառայելու օրինակ է:
«Հայ ժողովրդի համար Գրիբոյեդովի անձը բացառիկ է նաև նրանով, թե ինչ ջանքեր է գործադրել պարսկական գերությունից հայերին հայրենիք վերադարձնելու համար։ Հենց նա է Թուրքմենչայի պայմանագրում ներառել այն դրույթը, որը պահանջում էր քրիստոնյաներին թույլ տալ անել դա։ Այս ամենը Գրիբոյեդովին առանձնահատուկ անձնավորություն է դարձնում նաև Հայաստանի համար, կարևոր կապող օղակ` մեր ժողովուրդների և երկրների միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը։
Դեսպանի խոսքով` Գրիբոյեդովի կենսագրության մեջ, թվում է, մի քանի պատահական զուգադիպություններ կան։ Խմելիտայի առանձնատանը, որը պատկանում էր Գրիբոյեդովի հորեղբայր Ալեքսեյ Ֆյոդորովիչին, տեղի է ունեցել նրա դստեր հարսանիքը Իվան Պասկևիչի հետ (ռուս-պարսկական պատերազմում ռուսական բանակի ապագա հրամանատար): Գրիբոյեդովն ու Խաչատուր Աբովյանը (Երևանի բերդի առաջին գրադարանի ապագա հոգաբարձուն) հանդիպել են, երբ Գրիբոյեդովը եղել է Երևանում (այն ժամանակ` Էրիվանում)։
Կոպիրկինն ընդգծեց` այս տարի, երբ նշվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ համընկնումները հիշեցնում են, որ երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը շատ ավելի երկար է, դրանք ամուր և խորը հիմք ունեն:
Նշենք, որ նախորդ անգամ Գրիբոյեդովի արգելոց-թանգարանի աշխատակիցները Երևան էին այցելել 2020 թվականի փետրվարին՝ գրողի ծննդյան 225-ամյակին նվիրված միջոցառումներին: