ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ մեր բողոքը։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը»,–գրել է Մելիքյանը։
Նա նշել է, որ որոշմանը ծանոթանալուց հետո լրացուցիչ մեկնաբանություններ կտա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանը ձերբակալվել է մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։
Ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության` Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Հայելի» ակումբում և այլ ԶԼՄ–ներում նրա տված հարցազրույցների հիման վրա, որոնցում Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:
Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում։ Արմեն Գրիգորյանը կալանավորվել է մայիսի 18-ին։
Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մայիսի 26–ին։