Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրան կվիրահատեն

Կալանքի տակ գտնվելու ընթացքում, փաստաբանի խոսքով, Մանթաշյանի առողջական վիճակն օր օրի վատանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կալանավայրում կրկին վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մայիսի 20-ին մերժել էր Մանթաշյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

«Հիվանդանոցում արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ, և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել, նոր վիրահատել։ Առողջական խնդիրներով պայամանվորված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանը մերժել էր»,- նշել է Կոչուբաևը։

Նրա խոսքով` կալանքի տակ գտնվելու ընթացքում Մանթաշյանի առողջական վիճակն օր օրի վատանում է։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:
Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ. ինչ քայլեր կձեռնարկի պաշտպանական կողմը
1 տարի անց` 2021 թվականի հունիսի 26-ին, Մանթաշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ չնայած քննության արդյունքում վերոհիշյալ քրգործի կասեցման որոշում էր կայացվել, սակայն «հետընտրական Հայաստանի քաղաքական հետապնդումների համատեքստում գործը վերաբացվել է»։
Նշենք` 2021-ի դեկտեմբերին Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ Մանթաշյանի դեմ քրգործերից մեկն էլ առնչվում է այն դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարարությունը, և բողոքի ակցիաներ սկսվեցին։
Նրա փոխանցմամբ` Մանթաշյանին վերագրվել է դրոշի կողոպուտի մեղադրանք, չնայած, որ վերջինս կառավարության շենքում ծածանել է ՀՀ դրոշը։