ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ռազմավարական փոխգործակցության նոր ուղղություններ են փնտրում. Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին բազմաթիվ թելեր են կապում, որոնք ամուր հիմք են ստեղծում երկկողմ համագործակցության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ գտնելու համատեղ ջանքեր են գործադրում: Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն աչքի են ընկնում ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցությամբ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցությամբ։ Հաջող երկկողմ գործընկերություն է նաև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ կարևորագույն ոլորտներում»,- ասել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել դաշնակցային հարաբերությունները և հարստացնել նոր նախաձեռնություններով` ի շահ ՀՀ-ի և ՌԴ-ի քաղաքացիների, տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության։
Կառավարության ղեկավարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին կապում են բազմաթիվ թելեր, որոնք ամուր հիմք են ստեղծում երկկողմ համագործակցության շրջանակում:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր ժողովուրդների պատմական դարավոր բարեկամության մեջ նոր էջ բացեց»,- նշել է Գրիգորյանը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանին:
Գրիգորյանը շեշտել է, որ ռուսական պետության նորագույն պատմության մեջ տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում համակարգված վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին է, նրա շահերն ու բարեկեցությունը, իր երկրի հազարամյա պատմության հպարտությունը, ներկան ու ապագան:
Նրա խոսքով՝ այդ դժվարին ճանապարհը Ռուսաստանն ինքնուրույն է անցել՝ հիմք դնելով սկզբունքորեն նոր պետական և հասարակական կացության ու նախանշելով, թե ինչպիսին կլինի երկիրը 21-րդ դարում: