Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն հաջորդ տարվա օգոստոսին

Համահայկական խաղերը Ստեփանակերտում. Արխիվային լուսանկար
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ փակումը` Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին։ Տեղեկությունը հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։
Նշվում է, որ տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը՝ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի նախագահությամբ։
Բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությանը տեղի կունենա Երևանում։
«Առաջարկվել է նաև համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Որոշվել է նաև գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ համահայկական 7-րդ խաղերը 2019թ-ին առաջին անգամ անցկացվեցին նաև Արցախում։