Դպրոցում աշխատել չեն ուզում, վիճակը լուրջ է. ի՞նչ լուծում է առաջարկում կրթության փորձագետը

Կրթության ոլորտի փորձագետը նշում է, որ ուսուցիչների 12 տոկոսը` ավելի քան 3500 ուսուցիչ, 65 տարեկանից բարձր տարիքի են։ Շատերը խնդրում են իրենց թոշակի ուղարկել, սակայն տնօրենները չեն կարողանում, որովհետև փոխարինող չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Վերջին մեկ տարում ունեցել ենք ուսուցիչների թվի աննախադեպ նվազում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Այս փուլում կրթական համակարգի գլխավոր խնդիրն ուսուցիչների պակասի հարցն է։ Այս խնդրի լուծումը դժվար է պատկերացնել։ Մեկ ուսումնական տարում 877-ով պակասել է ուսուցիչների թիվը. նախորդ ուսումնական տարում ունեինք 31 300 ուսուցիչ, իսկ այս տարի` 30 200»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա, ըստ Խաչատրյանի, առաջին հերթին խնդիրն այն է, որ մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը կտրուկ նվազում է, իսկ ավարտածներից շատերը չեն ուզում դպրոցում աշխատել, հատկապես երիտասարդները։
Խաչատրյանը նշում է, որ, օրինակ, Շիրակի և Վանաձորի համալսարաններում «Մաթեմատիկա» առարկայից դիմորդներ չկան, իսկ մանկավարժական համալսարանում եթե նախորդ տարի 31 դիմորդ ունեին, հիմա նրանց թիվը 11 է։ Մասնագետի խոսքով` տարեկան 100-120 մաթեմատիկայի ուսուցչի կարիք կա։ Ավելին, քիմիան ու ֆիզիկան վաղուց անհույս առարկաների թվին են դասվում։ Մանկավարժական համալսարանի դիմորդների 17 տոկոսը (ամենամեծ մասը տոկոսային հարաբերակցությամբ) ցանկանում է հոգեբան դառնալ։
Եթե այսպես շարունակվի, ուսուցիչների քանակի սղության պատճառով որոշ առարկաներ չեն դասավանդվի
ՀՀ ուսուցիչների 12 տոկոսը` ավելի քան 3500 ուսուցիչ, 65 տարեկանից բարձր տարիքի են։ Խաչատրյանը նշում է` շատերը խնդրում են իրենց թոշակի ուղարկել, սակայն տնօրենը չի կարողանում, որովհետև փոխարինող չկա։ Սրան զուգահեռ, շուրջ 3 անգամ էլ նվազել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը։

«Ինչ վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ապա այդ հարցը բավական նեղ և մանիպուլյատիվ ձևով է ներկայացվում։ Մի շարք պատգամավորներ գրել են, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, սակայն դրա համար ուսուցիչը պետք է առավելագույն գնահատական ստանա և չորրորդ տարակարգ ունենա։ Որքան ես եմ տեղյակ, ՀՀ-ում դեռ չորրորդ տարակարգ ստացողներ չեն եղել»,- ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ ստացվում է` կամավոր ձևով է բարձրացվում ուսուցիչների աշխատավարձը, ուստի պետք է ներքին շեմն էլ բարձրանա։ Մասնագետը նկատեց` մյուս ոլորտներում այդպես չէ` որևէ մեկը բժիշկներին կամ ոստիկաններին չի ասում, թե դու քննություն կհանձնես ու նոր միայն բարձր կվարձրատրվես։ Բացի այդ, ըստ Խաչատրյանի, շատ հեշտ կլինի ատեստացիա անցնել կրկնուսույցների և ավագ դպրոցի ուսուցիչների համար, իսկ հիմնական դպրոցների ուսուցիչները մոռացել են ավագ դպրոցում անցնող ծրագրից շատ բաներ։ Ուստի, գյուղական դպրոցներում շատ քչերը բարձր կվարձատրվեն, ինչը կբերի դպրոցների բևեռացման։
Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն մոտ 14 հազար ուսուցիչներ. Անդրեասյան
Խաչատրյանը հավելեց` պետք է մասնավոր սեկտորի հետ երկխոսություն սկսել, և որոշ ուսուցիչներ պիտի ինքնազոհաբերվեն հանուն երեխաների, այսինքն` մասնավոր սեկտորից ոմանք պետք է նաև որոշակի ժամով դպրոց մտնեն։
Կրթության ոլորտի փորձագետը կարծում է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կտրուկ բարձրացվի։