Ասես Փարիզի «Տոկիոյի պալատը» լինի. ռուս ոճաբան Ռոգովը հիացած է Երևանի Կասկադ համալիրով

Հայտնի բլոգերն առանց հոգնելու գովերգել է երևանցիների սիրելի վայրերից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայտնի ռուս ոճաբան, հաղորդավար և բլոգեր Ալեքսանդր Ռոգովը Երևանում է և արդեն հասցրել է հետևորդներին պատմել իր առաջին տպավորությունների մասին:
Այսպես, բլոգերը բառացիորեն սիրահարվել է տեղի ամենահայտնի վայրերից մեկին՝ «Կասկադ» ճարտարապետական համալիրին։
Կասկադի երկու կողմում տեղակայված են տարբեր սրճարաններ և ռեստորաններ, ուր հաճախ են այցելում տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները։ Գարնանը, ամռանը և վաղ աշնանն այստեղ դասական և ջազ համերգներ են լինում։
Ռուս բլոգերը Մոսկվայի մետրոյում նվագում է Արա Գևորգյանի «Արցախը». տեսանյութ
Ռուս ոճաբանին հիացրել են համալիրի վերևից բացվող տեսարանները, որտեղից երևում է ամբողջ Երևանը, ինչպես նաև այնտեղ տեղադրված ժամանակակից հեղինակների քանդակները։ Նա «Կասկադը» համեմատել է Փարիզի «Տոկիոյի պալատի» հետ, որը նվիրված է ժամանակակից արվեստին։

«Ես այժմ գտնվում եմ աննկարագրելի մի վայրում, որը Երևանում է և կոչվում է Կասկադ։ Սա ամենալավ վայրն է. այստեղ ժամանակակից արվեստի քանդակների զարմանալի հավաքածու կա»,- ասել է Ռոգովը։

Բլոգերը ծույլ զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել չվախենալ աստիճաններից, քանի որ այնտեղ կա նաև այլընտրանքային տարբերակ` շարժասանդուղք։ Նա կոչ է արել իր բոլոր բաժանորդներին համացանցում տեղեկություններ գտնել Կասկադի մասին, իսկ հնարավորության դեպքում` անպայման այցելել:
Ավելի վաղ Ռոգովն արդեն իր հետևորդներին ցույց էր տվել Երևանի այլ խորհրդանշական վայրերում արված լուսանկարներ` Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոց, Վերնիսաժ և այլն։