ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՌԴ-ում պահվող ուկրաինացի ռազմագերիների մայրերը դիմել են իրենց որդիներին Ուկրաինա չվերադարձնելու խնդրանքով, քանի որ մտավախություններ ունեն։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան:
«Երբ ես Սևաստոպոլում ուկրաինացի գերիների ընդունելություն էի անցկացնում, նրանց մեծ մասը խնդրում էին ինձ ընտանիքներին հայտնել իրենց ճակատագրի մասին։ Ես և իմ աշխատակիցներն ամբողջությամբ կատարել ենք այդ խնդրանքները։ Այսօր ինձ նոր դիմումներ են ուղարկում ուկրաինացի մայրերը։ Նրանք խնդրում են չվերադարձնել իրենց որդիներին, քանի որ կարծում են, որ իրենց որդիներին կամ կրկին ռազմաճակատ կուղարկեն, կամ հալածանքների կենթարկեն»,- ասել է Մոսկալկովան։
Մոսկալկովան մասնավորեցրել է, որ նման դիմումներ ստացվել են 2 գերիների մայրերից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։