ՌԴ ՌԾՆ-ն ոչնչացրել է Արևմուտքի կողմից Կիևին մատակարարված զենքի խոշոր պահեստը. ՌԴ ՊՆ

Հարվածների հետևանքով ոչնչացվել են ավելի քան 320 ազգայնականներ, հինգ միավոր զրահատեխնիկա, դաշտային հրանոթ և ականանետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Տերնոպոլի մարզում «Կալիբր»-ներով ոչնչացրել է արևմտյան զենքի պահեստը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
««Կալիբր» ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով Տերնոպոլի մարզի Չորտկով բնակավայրի շրջանում ոչնչացվել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից Կիևյան ռեժիմին մատակարարված հակատանկային հրթիռային համալիրների, շարժական զենիթային հրթիռային համալիրների և սպառազինության համակարգերի համար հրետանային արկերի խոշոր պահեստը»,-ասել Է գեներալը:
Նա նաև հայտնել է, որ ռուսական կործանիչները մեկ օրվա ընթացքում ԴԺՀ-ում երկու ուկրաինական Սու-25 գրոհիչ են խոցել։
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է կառավարման երեք կետ և կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 25 շրջան։ Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 150 ազգայնականներ, վեց տանկ, դաշտային հրետանու հինգ հրանոթ և տարբեր նշանակության 10 հատուկ ավտոմեքենա: Կործանիչ ավիացիան Ուկրաինայի օդային ուժերի երկու Սու-25 ինքնաթիռ է խոցել ԴԺՀ Ռայգորոդոկ և Չերկասսկի շրջաններում»,-հստակեցրել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի կառավարման երկու կետ ու կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման15 շրջան:
Գեներալը պարզաբանել է, որ արդյունքում ոչնչացվել են «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանք՝ Խարկովի մարզի Բարվենկովա բնակավայրի շրջանում, օդային տարածքի վերահսկողության ռադիոլոկացիոն կայան՝ ԴԺՀ Սլավյանսկի շրջանում, Ս-300 զենիթահրթիռային համալիրի թիրախների հայտնաբերման և ուղեկցման ռադիոլոկատոր՝ Կրիվոյ Ռոգի շրջանում, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու մարտկոց Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Զվանովկա և ԴԺՀ-ի Զակոտնոյե շրջաններում:
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ՈւԶՈւ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 248 շրջան, կառավարման 21 կետ, ինչպես նաև ՈւԶՈւ հրետանային ստորաբաժանումների 37 կրակային դիրք»,-նշել է գեներալ Կոնաշենկովը։
Հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 320 ազգայնական, հինգ միավոր զրահատեխնիկա, դաշտային հրետանու վեց հրանոթ և ականանետ, 15 հատուկ ավտոմեքենա և զինամթերքի ու վառելիքի հինգ պահեստ:
Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 201 ինքնաթիռ, 130 ուղղաթիռ, 1188 անօդաչու թռչող սարք, 338 ԶՀՀ, 3514 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 508 կայանք, դաշտային հրետանու 1870 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 3570 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։