ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս խորհրդակցություններ պահանջել կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների հետ՝ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների գործունեության առնչությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս գործի դնել այնպիսի մեխանիզմներ՝ Կոնվենցիայի V և VI հոդվածների համապատասխան, որոնք խորհրդակցություններ են ենթադրում կոմիտեի անդամ պետությունների միջև՝ կոնվենցիայի նպատակի կամ դրա դրույթների կատարման հետ կապված ցանկացած հարցերի լուծման համար, ինչպես նաև համագործակցություն՝ ԿԶԿ-ի պարտավորությունների հնարավոր խախտումների ցանկացած հետաքննության անցկացման հարցում»,- ասել է նա:
ՌԴ-ի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հարևան մի շարք երկրներում կենսաբանական լաբորատորիաների ցանց է ստեղծել, որոնցում Պենտագոնի հովանու ներքո վտանգավոր վիրուսների հետ աշխատանք է իրականացվում: Ամերիկյան կողմը պնդում է, որ լաբորատորիաները գործում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգության շահերից ելնելով, և մերժում է այդ հաստատություններում կենսաբանական զենքի ստեղծման վարկածը:
Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բացի Ուկրաինայից և Վրաստանից, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում: