Այնտեղ Անիի ավերակներն են, այստեղ` Խարկովի. Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղի 85-ամյա բնակչուհի Վահանդուխտ Վարդանյանը դատարկված գյուղում անցնող իր կյանքն այսպես է նկարագրում։
«61 տարի այստեղ եմ ապրում` ավերակների մեջ։ Այնտեղ Անիի ավերակներն են, այստեղ` Խարկովի (2006թ-ին վերանվանվել է Նոր Շեն,- խմբ.)։ Այնտեղ երկրաշարժից ավերակ եղավ, այստեղ էլ մարդիկ թողեցին-գնացին գյուղից։ Պայմաններ չստեղծեցին, միջոցներ ձեռք չառան` ժողովուրդը ստիպված թողեց-գնաց»,- Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմեց Վահանդուխտ տատը` ցույց տալով գյուղի կիսավեր ու դատարկ տների համայնապատկերը։
Ախուրյան գետի խորը կիրճից այն կողմ էլ ավերակներ են` այն, ինչ պահպանվել է հայոց Բագրատունի արքաների մայրաքաղաքից։
«Գիտե՞ք` ինչ ահավոր բան է Անիին նայելը, տեսնելը։ Մերոնք Մշո Խաս գյուղից են։ Սկեսուրս ինձ ասում էր. «Լաո՛, որ ճամփեքը բացվի, քեզի կառնեմ, կերթանք մեր գյուղ, ցույց կուտամ»»,- ասում է տատը` հայացքը հառելով դեպի նախնյաց հայրենիքը։
Հայ–թուրքական սահմանից այն կողմ կյանքն ավելի ակտիվ է թվում, տեղանքը` մարդաշատ։ Նորակառույց մզկիթը գործում է, ժամանակ առ ժամանակ Անիի ավերակների խոսուն լռությունը խախտում է մոլլայի ձայնը։
Ներկայիս Թուրքիայի տարածքում` Անիի երբեմնի բերդաքաղաքին հարակից տարածում կառուցված գյուղում բնակչությունն ավելի մեծաքանակ է։ Տեսարանն ակտիվացնում են Անիի ավերակների տարածքում շրջող զբոսաշրջիկները...
Սահմանի այս կողմում` Խարկովում, Վահանդուխտ տատը մի քանի տարի շարունակ միակ բնակիչն էր։ Այսօր որդու հետ է ապրում։ Ասում է` Աստծուց առողջություն է խնդրում, որ հասցնի որդուն ամուսնացնել։
Դատարկված գյուղում մայր ու որդի իրենց միայնակ չեն զգում։ Զբաղվում են տան գործերով, տնային տնտեսությամբ, ժամանակ առ ժամանակ էլ գյուղ են այցելում Երևանում ու Ռուսաստանում բնակվող 5 զավակները,10 թոռներն ու 9 ծոռները։
Անիիի ավերակները տեսնելու համար Հայաստանի արևմտյան սահման հասնող զբոսաշրջիկները նույնպես անտարբեր չեն անցնում սահմանին ապրող տատի տան կողքով։
«Պատերազմից առաջ նախագահ Սարգսյանն էր եկել (Արմեն Սարգսյանը,- խմբ.) կնոջ` տիկին Նունեի հետ, ասաց` տատի՛կ, երեխեքս արտասահմանից կգան, թոռներիս հետ կգանք քեզ տեսնելու։ Գնացին, մի քանի օր անց պատերազմը սկսվեց։ Անցյալ տարի Ռուսաստանի դեսպանն եկավ կնոջ, երեխի հետ։ Կամանդոսն իր 80- ամյակն այստեղ նշեց»,- իր պատվավոր հյուրերին մեկ առ մեկ նշում է Վահանդուխտ տատիկը։
Բայց ամենահարազատը նրա համար մնում են հայ-թուրքական սահմանը հսկող հայ ու ռուս սահմանապահները։ Նրանց Վահանդուխտ տատն իր ընտանիքի անդամն է համարում, իրեն` նրանց ծառայակիցը։
«Սահմանապահների հետ մի ընտանիք ենք։ Ես էլ եմ սահմանապահ։ Մայիսի 28-ին Սահմանապահի օրվա համար, տեսնեիր` Ռուսաստանից ինչքա՜ն մարդիկ ինձ զանգեցին` սահմանապահ տատի՛կ, շնորհավորում ենք..., պալկովնիկներ, գեներալներ»,- անթաքույց հպարտությամբ պատմում է նա։
Սահմանապահ տատիկը, անշուշտ, նաև հայ-թուրքական սահմանը բացելու, հարևան երկրի հետ հարաբերություններ հաստատելու` իշխանությունների մտադրության մասին է տեղյակ։ Այս թեման նրա հոգում հակասական հույզեր է առաջացրել։
Խաղաղությանը դեմ չէ, բայց Ցեղասպանությունը վերապրած նախնիների հիշատակը, Անիի ավերակները...
Ֆիդայի սկեսրայրն ամբողջ կյանքում չէր կարողանում մոռանալ առաջին կնոջը, որին թուրք ասկյարները սպանել էին, իսկ զույգ նորածին զավակներին թողել մոր դիակի մոտ` սովամահության մատնելով։
«Թուրքը մնում է թուրք, ա՛յ բալա։ Բայց ի՞նչ անեն` ուզում են հաշտվեն, խաղաղվեն։ Էս ի՞նչ է էս աշխարհի վիճակը, չորս կողմը պատերազմ է, կռիվներ»,- ասում է Վահանդուխտ տատն ու լռում աշխարհի ճիշտ ու սխալի մասին իր մտքերի մեջ։
Իսկ մի քանի վայրկյան անց աշխույժ վեր է կենում ու որպես հյուրընկալ հայ տանտիկին` առաջարկում անպայման փորձել գյուղի անարատ մեղրը, սարերից հավաքած ու դեռ սարերով բուրող բանջարը, առաջարկում է Երևան մեկնելուց առաջ մեզ համար տնական հավի ձվով ձվածեղ պատրաստել։
Խորհրդային տարիներին Շիրակի մարզի Խարկով գյուղը մինչև 3-4 հարյուր բնակչություն ուներ։
Գյուղի անունն ասոցացվում է Ուկրաինայի Խարկով քաղաքի անվան հետ, բայց տեղացիները պնդում են, որ այն առաջացել է հայերեն «խարկվել» բառից, ու թերևս նաև այդ պատճառով է նման բարդ ճակատագրի արժանացել։