«Գիլասը, դեղձը վերացել է». Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է

Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է
ՀՀ վարչապետն այցելել է Դեղձուտ համայնք, որտեղ նոր դպրոց է կառուցվում, ծանոթացել է Բերդիկ- Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ է այցելել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,– գրել է Փաշինյանը:
Դպրոցը կառուցվում է հնի տեղում, այժմ 80 աշակերտները համայնքապետարանի շենքում են դաս անում։ Ուսումնական հաստատության նոր շենքը նախատեսված է 120 աշակերտի համար։ Փաշինյանը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ։
«Խոստանում եմ, որ մինչև տարվա վերջ դպրոցում կաշխատեք։ Բայց դուք էլ ատեստավորմանը մասնակցեք, որ աշխատավարձը բարձրանա։ Մենք որոշել ենք, որ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը»,– ասել է նա մանկավարժներին։
400-533 հազար դրամ աշխատավարձ կստանան. հայտնի է` քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվել
Փաշինյանը հանդիպել է նաև գյուղացիների հետ։ Նրանք ասել են, որ այս տարի բերք չունեն։
«Գիլասը, դեղձը վերացել է»,–նշել են բնակիչները և հավելել` կարկուտն է տարել բերքը։
ՀՀ վարչապետը այցի շրջանակում ծանոթացել է նաև Բերդիկ - Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին արել Փաշինյանի` Արարատի մարզ գնալու ճանապարհին` փորձելով փակել վարչապետի ճանապարհը, սակայն նրանց բերման էին ենթարկել։