ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «FlyOne Armenia» hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 16-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Լիբանանի ուղղությամբ։ Տեղեկությունը հրապարակվել է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։
«Երևան-Բեյրութ-Երևան երթուղով առաջին չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,–ասված է հաղորդագրությունում։
Ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշել է, որ անելու են հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն ուղևորների համար։
«Մենք անհամբերությամբ ենք սպասում Բեյրութի ուղղությամբ չվերթերի իրականացմանը։ Սա մեզ համար կարևորագույն իրադարձություն է, որը երկու բարեկամ ժողովուրդներին իրար ավելի ամուր կապելու հնարավորություն է»,- ասել է նա։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «FlyOne Armenia»–ն համալրել է իր ավիապարկը` գնելով Airbus a319 տիպի երրորդ օդանավը։ Ավիաընկերությունը մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Մերձավոր Արևելք: