ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. 2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է 12 վարույթ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
«Վարույթները հարուցվել են հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։ Վարույթների շրջանակում 10 տնտեսավարող սուբյեկտ համագործակցել են հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ»,–հայտնում է Սմբատյանը։
Նա նշում է, որ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ընկերությունը տուգանվել է 4 207 268 դրամով, իսկ «Բարի Սամարացի» ընկերությունը գործի ընթացքում պահանջված տեղեկությունը չի տրամադրել (որի համար 4 154 200 դրամ տուգանվել է), հետևաբար նշված հիմքով վարույթը կասեցվել է։