ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման երիտասարդները երթով հասան դատախազության շենքի մոտ։ Երիտասարդները բողոքի ակցիա են անում ընդդեմ ցույցերի մասնակիցների ձերբակալությունների։ Նրանք դատախազության առջև իրենց ձեռքներին ձեռնաշղթա անցկացրին` ի նշան բողոքի։ Հավաքի համակարգողներից Սևակ Նազարյանը նշեց, որ դատախազությունը չի իրականացնում իր իրական գործառությունը։
«Հայաստանում 5 տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան։ Այս իշխանությունը շեղվել է իր բոլոր սկզբունքներից, քանի որ եկել էր իբրև թե արդարադատություն հաստատելու։ Այսօր Հայաստանում ընտրովի արդարադատություն է ընթանում»,- ասաց Սևակը։
Նա հավելեց, թե իրենց ասում են` ոչ աշխատանքային ժամի են գնացել դատախազության առջև, սակայն իրենց ընկերների դեմ 24/7 ռեժիմով քրգործեր են հարուցվում։
«Մենք արդեն իսկ ձեռնաշղթաներով եկել ենք ձեզ մոտ, և եթե հայրենիքի համար պայքարողը պետք է կալանավորվի, մեզ կալանավորե՛ք»,- ասաց մեկ ուրիշ երիտասարդ։
Նրանք ձեռնաշղթաները նետեցին գետնին` հայտարարելով, որ չեն վախենում ոչ մի բանից և իրենց կանգնեցնել հնարավոր չէ, այնուհետև քայլերթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։