ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման երթը մեկնարկեց։ Երիտասարդները բողոքում են ակցիաների մասնակիցների ձերբակալությունների դեմ։
Նրանց ձեռքներին պաստառներ են, որոնց վրա գրված է. «Բանտը՝ Նիկոլին, ազատություն քաղբանտարկյալներին», «Բանտը դավաճանների տեղն է», «Օկուպացված երկրում բոլորս ենք բանտարկյալ»։
«Գնալու ենք դատախազություն, որտեղ ակցիա ենք իրականացնելու։ Այսօր շուրջ 5 տասնյակ անձ կալանքի տակ է, որոնք ոչինչ չեն արել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Այժմ երիտասարդները քայլում են դեպի դատախազություն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։