Բագրատ Եսայանին չեն կալանավորի

Բագրատ Եսայան
Առաջին ատյանի դատարանը մերժել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենին կալանավորելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը չի կալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է նրա շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։ Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած Դատարանին` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Մուրադյանի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` հունիսի 10-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել էին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության շենք և ձերբակալել տնօրեն Բագրատ Եսայանին։
Վահե Եփրիկյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Բագրատ Եսայանը ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. Եսայանն իբր մի խումբ անձանց հետ մոտեցել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակին, և նրանց գործողությունները իբր զանգվածային անկարգություններ են եղել։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի երկրորդ մասով (զանգվածային անկարգությունների հրահրում) և 164–րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի օրինական գործունեության խոչընդոտում)։