Ոստիկանների գործողությունները համաչափ են. ակցիայի մասնակիցները նրանց ծակծկում են. Ֆիդանյան

Բողոքի ակցիա Երևանում. Արխիվային լուսանկար
Փոխոստիկանապետը նշում է, որ ոստիկանության բոլոր ծառայողների աշխատանքը դրական է գնահատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումների ժամանակ ոստիկանությունն իրականացրել է այն գործողությունը, որը պայմանավորված է եղել տվյալ պահով։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նամն կարծիք հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։
«Ոստիկանների գործողությունները համաչափ էին. ոստիկանների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել։ Երբ սկսում են նմանատիպ գործողություններ, ակցիան խաղաղից ոչ խաղաղի է վերածվում, և ոստիկանությունը կարող է հատուկ միջոցներ կիրառել»,–ասաց փոխոստիկանապետը։
Նրա խոսքով` եթե իրավիճակը ծայրահեղ է, ոստիկանությունը կարող է և չզգուշացնել հատուկ միջոց կիրառելու մասին։
Հարցին, թե ոստիկանների հանդեպ քրգործեր կան հարուցված, քանի որ հայտնի է միայն, որ ակցիայի մասնակից 10 անձ է կալանավորվել` Ֆիդանյանը պատասխանեց, թե տեղյակ չէ։ Սակայն վստահեցնում է` ոստիկանության բոլոր ծառայողների աշխատանքը դրական է գնահատում. իհարկե, առանձին խնդիրներ կան։
«Ակցիայի մասնակիցները գալիս են քորոցներով ու աննկատ ծակում են ոստիկաններին, ինչը պարբերաբար է լինում։ Բացի այդ, վերջին 40 օրերի ընթացքում հավաքի կազմակերպիչները կանխավ չեն ծանուցում իրենց հավաքների մասին»,–ասաց Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ գրանցված բախումների հետևանքով կալանավորված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ):