ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Գլխավոր շտաբը` որպես պետական կառույց, պահպանելու է իր կարգավիճակը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով երեկ կառավարության ընդունած նախագծին, ըստ որի` ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Տեսնում եմ մեկնաբանություններ, թե ինչպե՞ս կլինի, որ քաղաքական ղեկավարը` պաշտպանության նախարարը, ղեկավարի զինվորականին։ Սակայն այս պահին էլ ղեկավարում է և միշտ է ղեկավարել։ Որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը պետք է զինվորականին ղեկավարի»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` իրականում բարեփոխումներ են իրականացվում, և շեշտը պետք է դնել այն բանի վրա, որ զինվորականները պետք է զբաղվեն մարտունակության բարձրացման գործերով, իսկ գնումներից զերծ են մնալու։ Սարգսյանը նշեց, որ սա օպտիմալացման և ճիշտ կառավարման ձև է։
Հարցին, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախադեպը որքանո՞վ կապ ունի այս փոփոխությունների հետ` փոխնախարարը պատասխանեց` բացարձակ։
Սարգսյանը հավելեց, որ դեռևս չի որոշվել` ով է նշանակվելու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։