Նոր փոփոխությամբ իշխանությունը ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում է. Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան. Արխիվային լուսանկար
Օհանյանը նշում է` ամենավտանգավորն այն է, որ ԶՈւ հրամանատար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԳՇ պետի պաշտոնը համատեղելով պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հետ` քաղաքականացնում են այդ պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Հայտնել էինք, որ երեկ կառավարությունն ընդունեց նախագիծը, ըստ որի` ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Նրանց թվում է, որ այդ մեկ բառն ավելացնելով (ՊՆ առաջին տեղակալ) ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին։ Նրանք չեն հասկանում, որ այսօրվա պաշտպանության մասին օրենքով էլ այս ուղղահայացը գոյություն ունի. ԳՇ–ն ենթարկվում է նախարարին։ Այս փոփոխություններով հավասարություն է դրվում պաշտպանության նախարարի երկու տեղակալների միջև»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` ամենավտանգավորն այն է, որ ԶՈւ հրամանատար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, կարող է պաշտպանական քաղաքականության որևէ փորձառություն չունենալ։ Օհանյանը նշում է` իր համար այս ամենը մի փոքր հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ զինվորական դարձնեին։
Օհանյանը հիշեցրեց, որ ԶՈւ ողջ պատմության ընթացքում պաշտպանության նախարարների պաշտոնները քաղաքացիական են եղել, բացի Վաղարշակ Հարությունյանից, որը 1999-ին նշանակվեց այդ պաշտոնին։
Նրա խոսքով` 2008-ի դեկտեմբերին ընդունված պաշտպանության մասին օրենքով նախարարի և ԳՇ պետի պարտականությունները հստակ առանձնացվեցին։ Նախարարը պատասխանատու էր պաշտպանական քաղաքականության, դրա շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, կադրային քաղաքականության, ռազմական կրթության և ԶՈւ համակողմանի ապահովման համար։ ԳՇ պետը պատասխանատու էր մարտական ստորաբաժանումների կառավարման և մարտական խնդիրների կատարման համար։
Նա հավելեց, որ ներկայիս իշխանությունը պաշտպանության մասին օրենքին լիարժեք չի տիրապետում։