Իգոր Խաչատուրովի կալանավորման հարցով նիստին դատավորը ներկա չէ. փաստաբան

Միհրան Պողոսյանը պահանջում է, որպեսզի Խաչատուրովի հարցով նիստը նախագահող դատավորը ներկայանա և բացի նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր պետք է ստուգեր գեներալ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Սակայն նիստը նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել նիստին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Ըստ օրենքի` դատարանը խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում պետք է ստուգում իրականացնի։ Այսօր վերջին օրն է, որ դատավորը կարող է ստուգել որոշման հիմնավորվածությունը։ Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է իր կողմից՝ հիմնավորելով, թե գործի նյութերն ուշ է ստացել։ Հունիսի 7-ից ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, սակայն դատավորը կապի դուրս չի եկել»,- ասաց փաստաբանը։
Սակայն երեկ, ըստ պաշտպանի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը զանգահարել է իրեն և տեղեկացրել է՝ նիստը նշանակված է այսօր` ժամը 10։00-ին։

Պողոսյանը ցույց տվեց դատարանի դատարկ դահլիճը` ասելով, որ նիստին ներկա չէ դատավորը, ինչի պատճառաբանությունն այն է, որ գործով դատախազը չի կարող մասնակցել նիստին, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվել է։ Սակայն, ըստ փաստաբանի, դատավորն անգամ չի էլ իջնում, որպեսզի նիստը բացի ու հայտնի այդ ամենը։

Միհրան Պողոսյանը պահանջում է, որպեսզի Խաչատուրովի գործով նիստը նախագահող դատավորը ներկայանա և բացի նիստը։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` քննության ընթացքում տվյալներ են ստացել, թե Իգոր Խաչատուրովը մայիսի 17-ին անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: