ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ուկրաինայի հավաքականի հետ հանդիպումից նույնիսկ մեկ օր առաջ դեռ վերականգնման փուլում է։ Այս մասին այսօր կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նշենք, որ հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյս» մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրում հյուրընկալվելու է Ուկրաինայի ընտրանուն։
Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչին մտահոգող հիմնական հարցը մեր ֆուտբոլիստների վերականգնումն է։
«Չեմ կարծում, որ չեզոք խաղադաշտը նշանակություն կունենա։ Ուկրաինայի հավաքականն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է` անկախ նրանից, թե որտեղ է խաղում։ Տաղանդավոր և վարպետ ֆուտբոլիստներով համալրված թիմ է մեր մրցակիցը։ Բայց մենք կներդնենք մեր բոլոր ուժերն արժանի մրցակից լինելու ու արժանի խաղ ցուցադրելու համար»,- խոստացավ Կապառոսը։
Իսպանացի մարզիչն ընդգծեց, որ մաքսիմալ օգտագործելու են վերջին օրը ֆուտբոլիստների վերականգման համար, որովհետև այս գործոնից շատ բան է կախված։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն իր խոսքում նշեց, որ ուրախ է հավաքական վերադառնալու համար։ «Բոլոր խաղերն էլ մեր խմբում դժվար են եղել և լինելու։ Բայց անկախ մրցակցից, մենք յուրաքանչյուր խաղում անելու ենք ամեն ինչ երեք միավոր վաստակելու համար։ Չնայած Ուկրաինայի հավաքականն իրոք շատ ուժեղ մրցակից է»,- հավելեց Բաբայանը։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը արտագնա անընդմեջ երկրորդ հանդիպումն է անցկացնելու։ Լեհաստանի Լոձ քաղաքի Մեյս մարզադաշտում մրցելու է Ուկրաինայի հավաքականի հետ։
Իսկ հունիսի 14-ին մեր ընտրանին Երևանում պատասխան խաղն է անցկացնելու Շոտլանդիայի հավաքականի հետ։