Եթե նոր կառուցվող ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը նշում է, որ եթե Բերձորի շրջանը հանձնենք, ապա թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ` գազի և էլեկտրաէներգիայի կոմունիկացիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կարծես Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև դավադիր համաձայնություն կա, որ մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը։ Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Բերձորը հանձնելու մասին շրջանառվող լուրերին։
«Սա այս օրերի ամենակարևոր խնդիրն է։ Իրականում ինչ է կատարվում. Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, որի հետ կապված կարծես Փաշինյան-Ալիև դավադիր համաձայնություն կա, որ մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը։ Այսինքն` դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո պետք է շահագործման հանձնվի։ Եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, մենք ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, որոշ հայկական գյուղեր»,–ասում է Սաղաթելյանը։
Նրա խոսքով` եթե Բերձորի շրջանը հանձնենք, ապա թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ` գազի և էլեկտրաէներգիայի կոմունիկացիաները։ Այսինքն` ամբողջովին կախման մեջ ենք գտնվելու թշնամուց, և Արցախը հայաթափվելու է։
Նա նշեց, որ հաջորդ հանրահավաքին մանրամասն հանդես կգան ելույթով։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա 3 տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղությամբ։