ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Աշխարհի ամենահին՝ Ռուսական աշխարհագրական ընկերությունն այժմ իր հայկական մասնաճյուղն ունի։ Այս մասին հայտարարեցին ռուս-հայկական ռազմավարական գործընկերության «Հայաստանը որպես բարեկամության և հարմարավետության երկիր» համաժողովի ժամանակ, որը կայացավ հունիսի 10-ին Երևանում։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին հայ և ռուս մասնագետներ, գիտնականներ, պրոֆիլային պետական մարմինների, զբոսաշրջության, բնապահպանության, մշակույթի և հանգստի ոլորտի ներկայացուցիչներ:
ՌԱԸ-ի միջազգային գործունեության համակարգող Օլգա Լապինան նշեց, որ հատկապես հաճելի է, երբ Ռուսական աշխարհագրական ընկերության (իսկ այնտեղ այնպիսի անուններ են, ինչպիսիք են Սեմյոնով-Տյան-Շանսկին, Միկլուխո-Մակլայը, Արթուր Չիլինգարովը, Վլադիմիր Կոտլյակովը) նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում արտասահմանյան գործընկերները և ցանկանում միանալ նրա աշխատանքին։
«Այդպիսի օրինակներից մեկը Հայաստանում Ռուսական աշխարհագրական ընկերության կենտրոնն է։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին ցուցաբերած նախաձեռնության համար, գիտենք, որ մի ամբողջ թիմ մտադիր է առաջիկայում ակտիվորեն աշխատել լուսավորչական գործունեության գծով։ Գիտենք, որ ծրագրում կան փառատոներ, ցուցահանդեսներ, երիտասարդների հետ աշխատանք։ Ակնկալում ենք բեղմնավոր արդյունքներ, Հայաստանում գործընկերների ներգրավում։ Գործընկեր կարող են լինել բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր գաղափարները և տարված են ընկերության խնդիրներով։ Հույս ունենք, որ մեր երկրների մեջ ՌԱԸ-ի գծով գիտատեխնիկական և հումանիտար կապերը միայն զարգանալու են»,-տեղեկացրեց Լապինան։
Հայաստանում ՌԱԸ Կենտրոնի նախագահ Լուիզա Իոսիֆովան ընդգծեց, որ կենտրոնի ստեղծման համար իրեն ոգեշնչել է կազմակերպության թե՛ բուն գործունեությունը, թե՛ ՌԱԸ-ի առաջին փոխնախագահ, Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի անվիճելի հեղինակությունը:
Նրա խոսքով՝ կենտրոնը հրաշալի լրացում կդառնա Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեցող ռուսական կազմակերպությունների համար։
«Հայաստանում կա կազմակերպված և համախմբված ռուսական սփյուռք, որը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի առաջին կեսին։ Ներկայում Հայաստանում ռուսների թիվը մոտ 12 հազար է։ Հատկանշական է, որ նրանց մոտ նկատվում է ազգային ինքնագիտակցության աճ և միավորման ձգտում, ստեղծվել են ռուսական մշակութային կենտրոններ և հասարակական կազմակերպություններ։ Մենք կարծում ենք, որ ՌԱԸ կենտրոնի բացումը հիանալի լրացում կդառնա արդեն գոյություն ունեցող կազմակերպությունների թվին և կնպաստի Ռուսաստանի մասին հավաստի աշխարհագրական, պատմական, բնապահպանական և ռազմավարական տեղեկությունների տարածմանը: Բացի այդ, երկրի տարածքում ռուսների կողմից հիմնված բազմաթիվ բնակավայրեր կան. Հայաստանի և Ռուսաստանի ճակատագրերը սերտորեն միահյուսված են արդեն մի քանի դար շարունակ»,-ասաց Իոսիֆովան։
Նա հավելեց, որ կենտրոնի աշխատանքն ուղղված կլինի համատեղ նախագծերի իրականացմանը հումանիտար դաշտում՝ մշակութային և լեզվական բազմազանության պահպանման, կրթության համակարգերի զարգացման, էթիկայի, գիտական հետազոտությունների, բնապահպանության ոլորտներում: